1. Ժամանակակից Երևան


Ժամանակակից մայրաքաղաք ունենալ նշանակում է ձևավորել բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կնպաստեն քաղաքի դինամիկ զարգացմանը։ Այդպիսի ենթակառուցվածքներից է ուղևորափոխադրման ցանցը և ճանապարները, որոնք ըստ հարցումների քաղաքացիների համար հանդիսանում են թիվ մեկ հիմնախնդիրը։ Ներկայումս հանրային տրանսպորտը գործում է գերբեռնված ռեժիմով, ապահովում է սպասարկման ցածր որակ, գործում է անկայուն չվացուցակներով և հասանելի չէ քաղաքի բոլոր թաղամասերում։ Այս հիմնախնդիրը լուծելու համար մենք առաջարկում ենք ներդնել ուղևորափոխադրման նոր ցանց և ձևավորել այն ենթակառուցվածքները, որոնք կապահովեն այդ ցանցի անխափան աշխատանքը։

 Ուղևորափոխադրման նոր ցանց

Երևանի տրանսպորտային համակարգը պետք է շահագործվի մրցակցային դաշտում գործող օպերատոնների կողմից և ունենա ամբողջապես արդիականացված ավտոբուսային պարկ, տոլեյբուսային պարկ և ներառի մետրոպոլիտենը։ Այս համակարգը պետք է ունենա արդյունավետ ուղևորափոխադրման ցանց, որը հասանելի լինի քաղաքի յուրաքանչյուր թաղամասում։ Տրանսպորտային համակարգը գործելու է «Բոլորին հարմար» սկզբունքով, ինչը ենթադրում է, որ այն հարմար կլինի բոլորի, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար, կունենա միասնական տոմս, որը կիրառելի կլինի տրանսպորտի բոլոր տեսակների համար և ճկուն՝ թե ըստ հանրային տրոնսպորտից օգտվելու հաճախականության, թե ըստ սոցիալական խոցելիության՝ ներառելով զեղչային համակարգ ուսանողների, թոշակառուների և սոցիալական մի շարք այլ խմբերի համար։ Նոր համակարգի բաղադրիչ են հանիսանում նոր և հարմարավետ կանգառասրահները հագեցած էլեկտրոնային չվացուցակներով։ Համակարգի բաղկացուցիչ մաս է կազմելու ավտոբուսային միջանցքը (Bus Lane) իրեն բնորոշ «փքված» կանգառներով։ Նախատեսում ենք կառուցել ավտոբուսների տեղակայման առնվազն երկու տեղակայման արդիականացված բազաներ, որտեղ կիրականացվի ավտոբուսների պլանային սպասարկումը, լիցքավորումը և պահպանումը։ Բարձր աշխատավարձով վերապատրաստված վարորդներ, որոնց կտրվի նաև առողջության ապահովագրություն։

Ուղևորափոխադրման ցանցի բաղկացուղիչ մաս է կազմելու նաև նոր ճոպանուղին, որը ունենալու է և զբոսաշրջային գրավչություն և հանդիսնաալու է փոխադրման արագ և հարմարավետ միջոց։

Քաղաքային ապահովագրություն

Ներդնելու ենք քաղաքապետարանի գործունեության թերացումների արդյունքում բնակիչներին հասցված վնասների փոխհատուցման համակարգ։

 

 

Այս դրույթը նախատեսվում է իրականացնել կարճաժամկետում։

 

Մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենի կառուցումը դարձնելու ենք անընդհատ գործընթաց՝ հնարավոր առավելագույն ծավալներով․ մինչև 2022 թվականը գործարկելու ենք մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան։ Փուլ առ փուլ մետրոպոլիտենի կայարանները մատչելի ենք դարձնելու տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար։ Այս աշխատանքներն իրականացնելու ենք վարկային ծրագրերի միջոցով, որոնց հիմքում լինելու են առկա նախագծային հաշվարկները։

 

       Այս դրույթը նախատեսվում է իրականացնել երկարաժամկետում։

 

Ճանապարհների բեռնաթափում

Մայրաքաղաքի ճանապարհների բեռնաթափումը իրականացնելու ենք շրջանցիկ ճանապարհների կառուցման միջոցով։ Ավարտին ենք հասցնելու ընթացիկ նախագծերը՝ վերահսկելով վերջիններիս որակական-տեխնիկական հատկանիշները։

Ճանապարհների բեռնաթափման նպատակով փոքր կենտրոնից սկսած ներդնելու ենք «խելացի» լուսացույցերի համակարգերը, որոնք կարգավորելու են խաչմերուկներում մեքենաների հոսքը ավտոմատ եղանակով՝ հաշվարկելով բացթողնման ժամանակահատվածը ըստ խաչմերուկի տվյալ ուղղության ծանրաբեռնվածության։

 

      Այս դրույթը նախատեսվում է իրականացնել կարճաժամկետում։

 

Ավտոկայանատեղիներ

Մայրաքաղաքում իրականացնելու ենք ստորգետնյա, վերգետնյա, ինչպես նաև վերելակային ավտոկայանատեղիների կառուցման համալիր ծրագրեր։ Այս ծրագրերի նպատակն է լինելու բեռնափաթել տրանսպորտային կարևորագույն հանգույցները, որոնք ծանրաբեռնված են զուգահեռ կայանման ավտոկայանատեղիներով, որոնք իրենց քանակությամբ չեն բավարարում կայանման պահանջարկը։ Ավտոկայանատեղիների կառուցման ծրագրերը իրականացվելու են բոլոր վարչական շրջաններում՝ նպատակ ունենալով ազատել բակերը բազմաթիվ կայանված մեքենաներից՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը։ Բակային տարածքներից դուրս ավտոկայանատեղիների կառուցմամբ մենք կազատենք բակերը՝ բարեկարգելով հանրային տարածքները և վերածելով դրանք զբոսավայրերի և խաղահրապարակների։

 

   Այս դրույթը նախատեսվում է իրականացնել երկարաժամկետում։

 

Քաղաքային լուսավորություն

Քաղաքային լուսավորության վերափոխման հիմքում մենք դնելու ենք էներգախնայող լուսատուների և դրանց կառավարման հանգույցների ամբողջական արդիականացումը։ Քաղաքային լուսավորությունը դարձնելու ենք «խելացի քաղաքի» բաղադրիչ՝ հնարավորություն ստեղծելով ավտոմատ կերպով կարգավորել լուսատուների ուժգնությունը և վերջիններիս անջատումները ըստ օրվա ժամերի և մեքենաների շարժի՝ սենսորային կառավարման միջոցով։

Արևային մարտկոցներ

Քաղաքային լուսավորության ապահովումն իրականացվելու է այլընտրանքային էներգիայի աղբյուրներից, այդ թվում արևային մարտկոցների միջոցով։

 

       Այս դրույթը նախատեսվում է իրականացնել երկարաժամկետում։

 

Փողոցների անվանակոչություն

Վերանայելու ենք Երևանի փողոցների այն անվանակոչումները, որոնք հակասում են անկախ պետականություն ունեցող երկրի մայրաքաղաքին։

 

   Այս դրույթը նախատեսվում է իրականացնել կարճաժամկետում։