2. Շեն Երևան


Շեն մայրաքաղաք ունենալ նշանակում է բարելավել բնակարանային ֆոնդի ընթացիկ վիճակը ապահովելով վերջինիս արդյունավետ կառավարման սկզբունքները և երաշխիքները։ Ներկայումս բնակարանային ֆոնդի զգալի մասը գերմաշված է և վթարային, ինչը վտանգավոր է դառնում բնակիչների համար և պարբերաբար դառնում մասնավոր գույքի վնասի պատճառ։ Համատիրությունների ներկայիս կառավարման մոդելը սպառել է իրեն և դարձել պարզապես գումարների հավաքման միջոց՝ սպառելով վստահությունը բնակիչների շրջանում։ Այս հիմնախնդիրը լուծելու համար մենք առաջարկում ենք գույքագրել բազմաբնակարան շենքերի ընթացիկ վիճակը՝ կազմավորելով վերջինիս բարեկարգության անձնագրեր և նպաստելու ենք բազմաբնակարան շենքերի կառավարման նոր օրենքի ձևավորմանը և կիրարկմանը։

  Բնակարանային ֆոնդ

Բնակարանային ֆոնդի արդիականացման նպատակով ամբողջապես բարեկարգելու ենք բազմաբնակարան շենքերի շքամուտքերը, իրականացնելու ենք ջերմամեկուսացման աշխատանքներ, ինչպես նաև հարթ և թեք տանիքների կապիտալ վերանորոգում։ Բնակարանային ֆոնդի արդիականացման ծրագրում ապահովելու ենք շենքերի էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման մակարդակը։

Աղտահանելու և բարեկարգելու ենք բազմաբնակարան շենքերի աղբատար խողովակները՝ շենքի բնակիչների համաձայնության դեպքում փակելով դրանք։ Լուծելու ենք բազմաբնակարան շենքերի կառավարման հիմնախնդիրը։ Համատիրությունները պետք է լուծարվեն և ձևավորվեն նոր կառավարող կազմակերպություններ՝ ապահովելով բնակիչների ամբողջական ներգրավվածությունը շենքի կառավարման գործում։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ մշակելու ենք «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» նոր օրենքը։

Իրականացնելու ենք Երևան քաղաքի բոլոր գետնանցումների կապիտալ վերանորոգում և պահպանում։

Ձևավորելու ենք վերելակների տեղադրման և սպասարկման օպերատորների գործունեության մրցակցային դաշտ՝ ամբողջությամբ արդիականացնելով այն։

Հաշվառելու ենք Երևան քաղաքում վերաբնակեցման խնդիր ունեցող ընտանիքներին, որոնք ապրում են երրորդ և չորրորդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքերում։ Հատուկ այդ նպատակով ստեղծելու ենք հիմնադրամ, որը համայնքային, պետական և մասնավոր միջոցների հաշվին կառուցելու է սոցիալական նշանակության նոր բնակելի թաղամասեր և վերաբնակեցնենք հաշվառված ընտանիքներին հրատապության և համարժեքության սկզբունքով։ Ապահովելու ենք այդ հիմնադրամի գործունեության լիարժեք թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը։

Այս դրույթը նախատեսվում է իրականացնել միջնաժամկետում։