3. Առողջ Երևան


Առողջ մայրաքաղաք ունենալ նշանակում է ունենալ մշտապես ավելացող կանաչ գոտիներ, մաքուր ջրային ռեսուրսներ, որոնք կծառայեն շրջակա միջավայրի և կլիմայի բարելավմանը։ Փոշու ամպերը, օդում սավառնող աղբը և պարբերաբար կուտակվող տարաբնույթ թափոնները մայրաքաղին կանգնեցնում են բնապահպանական ճգնաժամի առջև։ Այս հիմնախնդիրը լուծելու համար մենք առաջարկում ենք ժամանակակից աղբահանության և սանմաքրման մեխանիզմներ, ինչպես նաև նոր և ԵՄ չափորոշիչներին համապատասխան աղբավայր։

 Բնական Լանդշաֆտ

Քաղաքի միկրոկլիմայի բարելավման համար մշակելու ենք համալիր կանաչապատման ծրագիր։ Պողոտաների մայթեզրերը ծառապատելու ենք այնպիսի տնկիներով, որոնք կկլանեն աղմուկը, մեքենաների գազային արտանետումները և կմեղմեն ամառային տապը։ Կհիմնվի քաղաքային անտառ Երևանի հյուսիսային հատվածներում, որի նպատակն է Երևանի ապահովագրումը ջրհեղեղներից։ Հարևան մարզերի հետ համագործակցությամբ Երևանը շրջափակելու ենք խիտ կանաչապատված գոտիներով։

Իրականացնելու ենք Գետառի և Հրազդան գետերի՝ կենցաղային թափոններից մաքրման և հուների բացման համալիր աշխատանքներ։ Բացառվելու է կոյուղաջրերի հոսքը դեպի գետեր։

  • Համայնք-մասնավոր համագործակցությամբ մաքրելու ենք Երևանյան լիճը, կանաչապատելու և բարեկարգելու ենք լճի ափամերձ տարածքները։
  • Իրականացնելու ենք քաղաքի շենքերի ուղղաձիգ կանաչապատում։

 

Այս դրույթը նախատեսվում է իրականացնել երկարաժամկետում։

Թափոնների կառավարում։ Նոր աղբավայր։

Ներդնելու ենք աղբի տեսակավորման համակարգ տարբերակված աղբամանների տեղադրմամբ։ Աղբամանները դատարկվելու են և ենթարկվեն քիմ․մաքրման սահմանված գրաֆիկով՝ ապահովելով աղբամանների սանիտարական պատշաճ վիճակը։

Ստեղծելու ենք նոր և ժամանակակից աղբավայր թափոնների արտանետման սանիտարական՝ ԵՄ չափորոշիչներին համապատասխան։ Երևանի թափոնների գոյացման և կառավարման նպատակով համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում ստեղծելու ենք թափոնների տեսակավորման և վերամշակման ձեռնարկություն։ Փակելու ենք Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջանների գործող բաց աղբավայրերը։

Աղբավայրում կառուցելու ենք գոյացող թունավոր գազերի հավաքման և այրման կայան, տեղադրելու ենք գեներատոր բիոգազից էլեկտրաէներգիայի ստացման համար։

Ներդնելու ենք շինարարական աղբի և կոշտ թափոնների հավաքման հատուկ համակարգ։

Սպորտային Երևան

Համայնք-մասնավոր համագործակցությամբ կառուցելու ենք քաղաքային նոր ձիարշավարան և հանրային հրաձգարան։

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում կառուցելու ենք հեծանիվների երթևեկության համար նախատեսված առանձնացված գծեր և դրանց հարմարեցված հեծանիվների կայանման վայրեր։ Հեծանիվների համար առանձնացված գծերի կառուցումը դիտարկելու ենք ոչ միայն սպորտային և զբոսաշրջային տեսանկյունից, այլև տրանսպորտին այլընտրանք դարձնելու տեսանկյունից։

Բուժհաստատություններ

Ներդնելու ենք կառավարման արդյունավետ և կոռուպցիայից զերծ մեխանիզմներ։ Օպտիմալացման արդյունքում բարձրացնելու ենք բուժանձնակազմի աշխատավարձերը։ Համայնք-մասնավոր համագործացկությամբ կառուցելու ենք նոր և գերժամանակակից պոլիկլինիկաներ։

Թափառող կենդանիներ

Ապահովելու ենք թափառող կենդանիների ստերջացումը և վնասազերծումը։ Վնասազերծված կենդանիները կրելու են համապատասխան նշան՝ վնասազերծված լինելու մասին։

Համայնք-մասնավոր համագործակցությամբ կառուցելու ենք տնային և թափառող կենդանիների պահման մասնագիտացված վայր, որտեղ կիրականացվի կենդանիների խնամքը, ինչպես նաև բնակիչները հնարավորություն կունենան ըստ անհրաժեշտության ի պահ հանձնել իրենց տնային կենդանիներին։