4․ Նոր դիմագծով Երևան


Նոր դիմագծով մայրաքաղաք ունենալ նշանակում է համաչափ զարգացած, տարածական ենթակառուցվածքներով հագեցած, քաղաքաշինական նոր հայեցակարգ ունեցող Երևան, որտեղ առաջնահերթություն է տրվելու վարչական շրջանների զարգացման և արդիականացման հեռանկարներին։

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցությամբ մշակելու ենք «Քաղաքաշինության մասին» օրենսգիրք։

Քաղաքաշինական միջավայրի նախագծումը իրականացնելու ենք համատեղ պլանավորման սկզբունքով, որը ենթադրում է հանրության և շահագրգիռ կողմերի միջև համագործակցություն և հաշտեցում։

Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում կառուցապատում իրականացնելիս խստագույնս ապահովելու ենք քաղաքացիների և կառուցապատողի միջև շահերի փոխհամաձայնեցումը։ Երևանի քաղաքային նշանակության պուրակների բարեկարգման ծրագրերը իրականացվելու են հրապարակայնության ապահովման սկզբունքով։ Երևանի բակային տարածքներում արգելելու ենք բազմաֆունկցիոնալ և բազմաբնակարան շենքերի կառուցումը։

  • Քաղաքաշինական միջավայրում ապահովելու ենք հաշմանդամություն ունեցող անձանց ազատ և անարգել տեղաշարժվելու հնարավորությունը:

 

Փոքր կենտրոն

Երևանի Փոքր կենտրոնում կանոնակարգելու ենք բազմաֆունկցիոնալ և բազմաբնակարան շենքերի կառուցումը։ Փոքր կենտրոնում կանոնակարգելու ենք արտաքին գովազդը։ Վերացնելու ենք վերգետնյա մալուխները և ձևավորելու ենք ստորգետնյա խրամուղիներ։ Միջոցներ ենք ձեռնարկելու Կասկադի շինարարական աշխատանքների ավարտման նպատակով, ինչպես նաև կանաչապատելու ենք կասկադի հարակից տարածքները՝ ձևավորելով կախովի այգիներ։

  • Մեղմելու ենք Փոքր Կենտրոնի գործառնական բեռնվածությունը՝ ի հաշիվ վարչական շրջանների համաչափ զարգացման։
  • Իրականացնելու ենք Փոքր կենտրոնում դեռևս կանգուն պատմամշակութային հուշարձանների ամբողջական ռեստավրացիան, ինչպես նաև ապահովելու ենք «Հին Երևան» ծրագրի ամբողջական իրականացումը։

 Հանրային գերակա շահ

Բացառելու ենք մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարումը հանրային գերակա շահի ճանաչման գործընթացում։ Միջոցներ ենք ձեռնարկելու հանրային գերակա շահ ճանաչված անավարտ կառուցապատումները ավարտին հասցնելու նպատակով։ Վերանայելու ենք նախկինում հանրային գերակա շահի ճանաչման միջոցով քաղաքացիների ոտնահարված իրավունքների վերականգնման գործընթացը։