8. Հին մարտահրավերները


Երևան քաղաքում ջրի կորուստները գերազանցում են բաժանորդին մատակարարված ջրի ծավալները, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով ջրի սակավության գլոբալ մարտահրավերները։  Մայրաքաղաքում գոյություն ունեն կոյուղու ցանց չունեցող թաղամասեր։ Բազմաբնակարան շենքերի բակային կոյուղիները կարիք ունեն կապիտալ վերանորոգման։

Երևան քաղաքում մաքուր ջրի մեծ ծավալով կորուստների կանխարգելման նպատակով մշակելու ենք կորուստների կանխարգելման և արդյունավետ օգտագործման համալիր ծրագիր։ Համայնք-մասնավոր համագործակցությամբ ամբողջությամբ արդիականացնելու ենք քաղաքի ջրատար ցանցը՝ բացառելով ջրանջատումները։

Ընդլայնելու ենք կանաչ գոտիների ոռոգման ցանցը։

Համայնք-մասնավոր համագործակցությամբ բարելավելու և ընդլայնելու ենք քաղաքի ջրահեռացման և հեղեղատար համակարգերը։

Վերականգնելու ենք կոյուղատար համակարգը՝ բացառելով ներթափանցումը հողային, ջրային շերտեր և բազմաբնակարան շենքերի նկուղներ։

Ուսումնասիրելու ենք ստորգետնյա ջրերի ազդեցությունը բազմահարկ բնակելի թաղամասերի վրա։ Ստորգետնյա ջրերի ազդեցության արդյունքում վթարայնության աստիճան ձեռք բերած բնակելի շենքերի համար համայնք-մասնավոր համագործակցությամբ իրականացնելու ենք վերաբնակեցման համալիր ծրագիր՝ նպաստելով Երևան քաղաքում բնակարանային ֆոնդի արդիականացմանը։

  • Վերակառուցելու ենք կեղտաջրերի մաքրման Աէրացիա կայանը։